Աշտանգա վինյասա յոգա
Յոգայի այս տեսակի դասական համակարգը սկիզբ է դրել Շրի Կ.Պատտաբի Ջոյսը /աշակերտները նրան կոչել են Գուրուջի/, ով ընդգծել է.«Աշտանգա յոգա մեթոդը Պատանջալի յոգա է». ութ-աստիճանի ներքին մաքրման ճանապարհ է, որը ներկայացված է Պատանջալիի յոգա-սուտրաների մեջ: Սկսելով յամաներից /բարոյական կոդեքս/ և նիյամաներից /անձնական կոդ/՝ յոգայով զբաղվողը պետք է անցնի բոլոր ութ աստիճաններով, որպեսզի հասնի յոգային, տիեզերական Եսի հետ միավորմանը: Այնուամենայնիվ, առաջին և երկրորդ աստիճանները անցնելու համար, մարմինը պետք է լինի առողջ և ուժեղ, ազատ հիվանդություններից և խոչընդոտներից, որոնք կարող են խանգարել ուղեղի աշխատանքին և զգայարաններին: Այդ պատճառով, Ջոյսը սկսեց առաջինը երրորդ աստիճանից՝ Ասանայից: Ասանայի հետ նա սովորեցրեց հատուկ շնչառական տեխնիկա՝ ուջջայի շնչառական տեխնիկան՝ նրա յոգա-համակարգի բանալիներից մեկը: Սովորելով վերահսկել իրենց շնչառությունը՝ աշակերտները կարող են հաստատուն դարձնել իրենց զգայարանները և հանգստացնել միտքը: Ուժով, կայունությամբ և մտքի պարզությամբ, աշակերտները արդեն կարող էին և պատրաստ էին զարգացնելու յամաները և նիյամաները, և շարժվելու յոգայի ավելի խորը աստիճաններ:
1-4-րդ աստիճանները Պատանջալիի Աշտանգա յոգայի՝ յամա, նիյամա, ասանա և պրանայամա, հանդիսանում են արտաքինից մաքրման պրակտիկաններ, իսկ 5-8-րդ աստիճանները՝ պրատյահարա /զգայարանների վերահսկում/, դհարանա /կենտրոնացում/, դհյանա /մեդիտացիա/ և սամադհի /մաքուր գիտակցություն, երանություն, միաձուլում Աստվածային գիտակցությանը/, ուղղված են ներքին մաքրմանը, հոգևորին:
Աշտանգայով զբաղվողների համար յոգայի նպատակը մտքի կառավարումն է «chitta vritti nirodhah» /մտքի տատանումների վերացում/, ինչպես նշել է Պատանջալին իր երկրորդ սուտրայում:
6 Թույներ, որ շրջապատում է հոգևոր սիրտը
Համաձայն Յոգա Շաստրաների /յոգայի հստակ ուսմունքներ/՝ աստվածայինը բնակվում է սրտում, բայց այն քողարկված է 6 թույներով՝
- Kama /ցանկություն/,
- Krodha /բարկություն/,
- Moha /մոլորություն/,
- Lobha /ագահություն/,
- Matsarya /նախանձ/,
- Mada /ծուլություն/:
Պատաբհի Ջոյսը սովորեցրել է, որ երբ ներքին մաքրման գործընթացը ավարտվում է, որը պահանջում է նվիրված և կանոնակարգված յոգա պրակտիկա, վերահսկելով միտքը և զգայական օրգանները, այդ վեց թույները դուրս են գալիս մեկառմեկ:
Աշտանգա յոգայի փիլիսոփայական հիմքը Պատանջալիի յոգա սուտրաներն են, սակայն պրակտիկան ծագել է մեկ այն հնագույն գրվածքի վրա, որը կոչվում էր Յոգա Կորունա, որը հայտնաբերվել է Տիրումալայ Կրիշնամաչարյայի կողմից 20-րդ դարի սկզբում: Վերագրվելով սուրբ Վամանա Ռիշիին՝ այս աղբյուրը մանրամասն նկարագրում է հաթհա յոգայի համակարգը, ներառյալ՝ ասանան, բանդհաները /մարմնի բլոկերը/, դրիշթիները /հայացքի սևեռում/, և շատ մանրամասն վինյասան: Վինյասան /շնչառություն-շարժում համակարգ/ կապակցելով շարժումը և շնչառությունը /մեկ շարժում-մեկ շնչառություն/՝ ծագել է այս յոգայի տեսակից:
Չնայած, որ Կորունտան չի պահպանվել և գրեթե անհնար է ապացուցել, որ այն գոյություն է ունեցել, Աշտանգա յոգայի ավանդույթը նշում է, որ վինյասա ասանայի մեթոդը օգտագործվել է նույն կերպ հազարավոր տարիներ: Սովորելով դրանք անգիր՝ Կրիշնամաչարյան փոխանցեց այս համակարգը իր ամենամեծ և սիրելի աշակերտին՝ Պատաբհի Ջոյսին, որը անցկացրեց ավելի քան 25 տարի իր ուսուցչի գլխավորությամբ: 1958-1960 թթ. Ջոյսը գրեց իր ամբողջական գիրքը Աշտանգա-վինյասա յոգայի մասին,որը կոչվեց «Յոգա Մալա», որը առաջին անգամ տպագրվեց 1962 թվականին: Նա երբեք չհեռացավ իր ուսուցչի սովորացրած սկզբունքներից և ավելի քան 50 տարի աշխարհին սովորեցրեց Աշտանգա յոգա: Եվ մինչև օրս նրա գիրքը ծառայում է որպես ձեռնարկ Աշտանգա յոգայով զբաղվողների համար:
Աշտանգա յոգան շատ պարզ է: Աշակերտները յուրաքանչյուր դասին կատարում են որոշակի ասանաներ նույն հերթականությամբ: Աշտանգա-վինյասա յոգան դինամիկ, ֆիզիկական ուժ պահանջող պրակտիկա է, որի բոլոր շարժումները ուղեկցվում են շնչառությամբ՝ ներքին ջերմություն արտադրելու համար: Այս մեթոդը հանդիսանում է մարմնի մաքրման, տաքացման և տոքսինների վերացման գործընթաց: Ժամանակի ընթացքում, արդյունքը՝ առողջ, էներգիայով և ճկուն մարմնի ձևավորումն է `զգայական օրգանների մաքրման և մտքի վերահսկման հիմքը: Ashtanga-vinyasa յոգան սկսվում է Surya Namaskara A-ով (Արևի ողջունում Ա) և ավարտվում է Padmasana-ով (Լոտուսի դիրքով):
Աշտանգա յոգայի առաջին, սկզբնական սերիան կոչվում է Յոգա Չիկիտսա կամ «յոգա թերապիա»: Նախատեսված լինելով մաքրելու և բուժելու մարմինը՝ առաջին սերիան ուժեղացնում է, ճկունացնում է մարմինը: Այս սերիան ներառում է 75 ասանաներ՝ ընդգրկելով կանգնած, նստած, առաջ թեքված և ետադարձ թեքված ասանաներ: Սովորաբար տևում է 1.5 ժամից մինչև 2 ժամ: Աշակերտներին նաև ներկայացվում է Աշտանգա յոգայի կարևոր 5 ասպեկտներին՝ ուջջայի շնչառություն, վինյասա, դրիշթի. Բանդհա և ասանաների կատարում:
Երբ աշակերտները արդեն լավ կատարում են առաջին սերիան, կարող են անցնել երկրորդ սերիային / սովորաբար ուսուցչի թույլտվությամբ/: Կոչվելով Նադի Շոդհանա, որը նշանակում է «նյարդերի մաքրում», երկրորդ կամ միջին մակարդակը բացում է և մաքրում է հազարավոր էներգետիկ կանալներ, կամ նադիներ՝ ուժեղացնում է նյարդային համակարգը: Առաջին և երկրորդ սերիաները գրեթե նույն ֆորմատն ունեն, սակայն ի տարբերություն առաջինի, երկրորդում ետադարձ շրջված ասանաները շեշտադրված են: Այդ պատճառով, միջին մակարդակը իդեալական լրացում է առաջին մակարդակին, և ուսուցիչները շատ հաճախ ներկայացնում են երկրորդ սերայի ասանաներից մեկ տարի պարապելուց հետո:
Մյուս չորս Աշտանգա յոգայի սերիաները սկզբնապես եղել են երկուսը, սակայն Պատաբհի Ջոյսը դրանք շատ աշակերտներին հասանելի դարձնելու համար բաժանել է 4 սերիաների /A,B,C և D/: Այս չորս սերիաները հայտնի են Շտհիրա Բհագա անունով, որը նշանակում է «բարձրագույն խաղաղություն»/ պարգևատրում տարիների քրտնաջան պարապմունքի դիմաց/. իր մեջ ներառում է բարդ ձեռքերով հավասարակշռության ասանաներ, կոնքերը բացող ասանաներ և հետադարձ շրջված ասանաներ:
Նյութը պատրաստեց՝ յոգայի ուսուցիչ Կիմա Բաղդասարյանը